Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տա՛ Աստված, որ ոչ ոք չսպանվի իր ազգային պատկանելության և դավանանքի համար

Տա՛ Աստված, որ ոչ ոք չսպանվի իր ազգային պատկանելության և դավանանքի համար
28.04.2015 | 00:04

2015-ի ապրիլի 21-ը հայաստանաբնակ եզդիների (ինչո՞ւ չէ, նաև համայն աշխարհի եզդիների) կյանքում բացառիկ պատմական իրադարձություն է:
Պատմական է, որովհետև առաջին անգամ աշխարհում, ՀՀ մայրաքաղաք Երևանում բացվեց, ՀՀ ղեկավարության անմիջական աջակցությամբ, բարերար Ռաշիդ Շամոյանի ընտանիքի միջոցներով կառուցված եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը: Այն ևս մեկ ապացույց է, որ ժամանակն է բացելու մեր կյանքի պատմության մութ ու անավարտ էջերից մեկը:
Վստահաբար կարող եմ ասել, որ այն մեր ժողովրդի միասնական կամքի արտահայտությունն է, այն արդարության, ազատության և խաղաղության կոչ է անում:
Պատմության խորքում ձևավորված եզդի ժողովրդի հազարամյա ուղին, ցավոք, լի է եղել տարաբնույթ վայրէջքներով ու վերելքներով:
Դարեր շարունակ գտնվելով օսմանյան բռնատիրության տակ` մեր ժողովուրդը, ինչպես նաև հայերը, ասորիները, հույները և այլ ժողովուրդներ, եղել են ճնշված, իրավազրկված, ազգային-կրոնական վիրավորանքների ենթարկված և ցեղասպանություն ապրած: Ինչպես մյուս ժողովուրդները, այնպես էլ եզդի ժողովուրդը տվել է ահռելի կորուստներ:
Հավատացած եմ, որ կառուցված հուշարձանը մեկ անգամ ևս խնդիր է դնելու, որ Թուրքիան ինչքան էլ ուրանա կատարած ոճրագործությունը, միևնույն է, արդարությունը կհաղթի, և Թուրքիան կճանաչի հայոց և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը: Հուշարձանի կառուցումը ևս մեկ հաստատուն փաստ է ապացուցելու, որ մեր ժողովուրդների ցեղասպանությունը վաղուց մշակված պետական քաղաքականություն է եղել, և որ Հայաստան պետությանը հավասարապես հուզում են թուրքական յաթաղանից տուժած մյուս ժողովուրդների ցեղասպանության խնդիրները: Այս հուշարձանն ինքնըստինքյան նշանակում է` որքան էլ ժամանակ անցնի, մենք հիշելու և պահանջելու ենք, որ աշխարհը ճանաչի և դատապարտի հայ, եզդի և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը:
Ցավոք, այսօր էլ ականատես ենք լինում ժողովուրդների եղեռնի և մարդկության դեմ ուղղված նման հանցագործությունների: Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ մարզում մեր ժողովուրդը ենթարկվեց ահավոր ցեղասպանության: ԻՊ-ի հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որը չէիր կարող տեսնել զարհուրելի երազներում, նույնիսկ սարսափելի կինոնկարներում: Դաժան խավարը պատել էր մեր բնօրրանը, ամենուր մահ էր: Այս էլ 9 ամիս է, ահավոր ցավով և թափված արցունքներով մենք սպասում ենք, որ դադարեցվի եզդիների ցեղասպանությունը, և վերջնականապես ազատագրվի Շանգալը:
Հավատացած եմ, որ եթե ժամանակին դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, ապա հետագա հանցագործությունները չէին լինի: Բայց թշնամությունը և ատելությունը հավերժ չեն կարող լինել: Թուրք ժողովուրդը պետք է ազնվորեն առերեսվի իր անցյալին, այն ամոթ չէ, այլ ուղղակի անրաժեշտություն է: Եվ նրանք վերջապես պետք է հասկանան, որ երիտթուրքերը հերոսներ չէին, այլ ռազմական հանցագործներ, որ պլանավորեցին և իրագործեցին հայ և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը: Պարզապես պետք է իրատես և ազնիվ լինել: Մենք չենք կարող փոխել ցեղասպանությունների անցյալը: Ինչպես ասում է մեր նախագահ Սերժ Սարգսյանը, մենք կարող ենք և պարտավոր ենք նման հանցագործություններից զերծ ապագա ստեղծել: Մենք մեր միասնությամբ, համերաշխությամբ ենք հզոր և ուժեղ, իսկ ուժը, միասնությունը, արդարադատությունը, հավատացեք, միայն հաղթանակ են բերում: Եզդի ժողովուրդը աշխարհին ներկայանում է իր բնօրրան Շանգալով, հոգևոր առաջնորդարան Լալիշա Նուրանիով և անկախ ու ազատ, իր քաղաքացիների համար ապրելու և արարելու հավասար իրավունքներ ապահովող Հայաստանով: Ոգեկոչում եմ մեր ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը և երախտագիտությամբ խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև: Հավերժ հիշատակ:
Հավատացած եմ, որ մեր ժողովուրդների անմեղ զոհերի իրավունքները կվերականգնվեն, և կհաստատվի արդարությունը: Հավերժ հիշատակ բոլոր անմեղ զոհերին` անկախ ազգությունից և դավանանքից: Եվ տա՛ Աստված, որ մեր ընդհանուր տանը, Երկիր մոլորակում ոչ ոք չսպանվի իր ազգային պատկանելության և դավանանքի համար:


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 2234

Մեկնաբանություններ